05-07-2014 12:42

Սահմանադրությունը պայամանագիր է հասարակության և պետության միջև.մասնագետ

Այսօր` հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը: Այս առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանը նշեց, որ գրեթե բոլոր սահմանադրությունները ժամանակի ընթացքում փոփոխվում են, քանի որ իրավունքը կենդանի օրգանիզմ է: «Իրավունքը հասարակական մշակույթի յուրահատուկ դրսևորում է, այն ժամանակի ընթացքում իր մեջ ազատությունն է ընդլայնում: Արդեն իսկ գրված փաստաթղթի ներսում նույնպես պետք է փոփոխություններ լինեն, որպեսզի ապահովեն զարգացումների արտացոլումը»,- ձևակերպեց նա: Ըստ բանախոսի՝ աշխարհի տարբեր երկրներում մոտ 15 տարին մեկ սահմանադրական փոփոխություններ կատարվում են, իսկ անհրաժեշտությունը մեզանում միանշանակ կա:
«Անցումային փուլում գտնվող պետությունների նման, մեզանում ևս անհրաժեշտություն միշտ լինում է: Իմ կարծիքով, անհարժեշտությունն առկա է, բայց առաջնային, հրատապ լուծումներ փնտրող խնդիրներ կան հասարակությունում»,- ասաց փորձագետը: Տարոն Սիմոնյանի ընդգծմամբ՝ ժամանակ է պահանջվում, որ սահմանադրությունն ամբողջությամբ կենսագործվի: «Սահմանադրությունը պայամանագիր է հասարակության և պետության միջև: Եթե մի կողմը խախտում է պայմանագրի կետերը, մյուս կողմը պիտի պահանջի, որ կատարվեն»,- եզրափակեց բանախոսը: