Բավ է պառակտվել
01-05-2014 15:25

Ծնողները դժգոհում են. այսօր տոն է, բայց Կենդանաբանական այգու մուտքը վճարովի է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու արդեն ավանդույթ դարձած պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը։

Քաղաքապետը նախ բոլորին շնորհավորել է թե՛ կենդանաբանական այգու բացման և թե՛ Աշխատավորի օրվա առթիվ։
«Մեր մեծերը, ծնողները նշում էին Աշխատավորների օրը և կուզեի՝ որպես քաղաքապետ և որպես հայ մարդ, գործազրկությունը պակասեր, որ մենք կարողանանք ի սրտե նշել աշխատողի օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ըստ քաղաքապետի կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրերը փուլերի է բաժանված։
«Այս տարի՝ 2014-ին, նախատեսել ենք 300 մլն դրամ գումար, որը բավական զգալի գումար է։ Այդ գումարով նախատեսված է վանդակների վերակառուցում, կառուցում, այգու տարածքի կանաչապատում, անտառային գոտու ավելացում, ոռոգման ցանցի ավելացում և բարեկարգման աշխատանքներ»,- ասաց նա։

Տարոն Մարգարյանը նշեց, որ 2015-16թթ.-ին նույնպես կլինի բյուջեի ավելացում։ «Հրավիրել ենք կենդանաբանական այգու մասնագետներ, նախագծողներ, ովքեր այն չափանիշը, որ կա շատ քաղաքներում, այդ նախագծով ներկայացնեն ծրագիր, և մենք ավելի մեծ գումարներ նախատեսենք կենդանաբանական այգու վերակառուցման համար»,- նշեց նա։

Տարոն Մարգարյանին լրագրողները փոխանցեցին ծնողների դժգոհությունը, թե ինչու է այս տոնական օրը այգու մուտքը վճարովի։ Քաղաքապետը նշեց, որ դժգոհել պետք չէ, քանի որ անվճար իրենք հայտարարում են միայն հունիսի մեկին՝ Երեխաների պաշտպանությանը օրը։

Gisher.news-ն փորձեց զրուցել այգում զբոսնող ծնողների հետ, նրանցից շատերը հաստատեցին լրագրողների ասածը. ՛՛Այո, դժգոհ ենք, ի՞նչ կլինի, որ գոնե այս տոն օրերին մուտքն անվճար լինի, որ ինչ որ ձևով զգանք՝ տոն է: Խնդիրը տոմսի գումարը չէ, այլ պետության վերաբերմունքը մարդկանց հանդեպ՛՛,-նշեց 31-ամյա Մարիետան, ով իր երկու երեխաների հետ եկել էր Կենդանաբանական այգի:
Մարդիկ նաև դժգոհում էին կենդանիների վանդակներից, պայմաններից.՛՛Մենք լսեցինք, որ քաղաքապետը խոստացավ գումար հատկացնել վանդակների բարելավման և այգու կանաչապատման համար, հուսով ենք դրանից հետո ավելի հաճույքով կգանք այստեղ: Ամեն անգամ խղճում եմ այս կենդանիներին, շատ վատ պայմաններում են պահվում՛՛,-մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը: