Բավ է պառակտվել
11-10-2014 14:45

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի պատվիրակության անդամների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը։


Բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը, նաև հատկանշել է, որ 2013 թվականին Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում երկու մայրաքաղաքների գործադիր մարմինների միջև ստորագրված 2014-2016թթ. համագործակցության ծրագիրը փոխգործակցության խորացման նոր հնարավորություններ է ընձեռում. «Մոսկվան մեզ համար կարևոր գործընկեր է և, հաշվի առնելով վերջին տարիներին մեր ծրագրային համագործակցության արդեն ապացուցված արդյունավետությունը, պետք է աշխատանք տանենք առկա փոխշահավետ գործակցությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերին, արդեն 5-րդ տարին անընդմեջ, Մոսկվայում անցկացվեց «Ոսկե նուռ» փառատոնը, որը Երևան-Մոսկվա համագործակցության արդյունքում կյանքի կոչվող հաջողված նախագծերից մեկն է: Վստահ եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Այս տեսանկյունից կարևոր եմ համարում նաև կոնկրետ ծրագրերի իրականացումը՝ ներդրումային և մի շարք այլ ոլորտների ուղղությամբ, ինչում իր դերն ունի նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով պատվիրակությանը Երևանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերն ընդունելու համար:
Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվա քաղաքի բնակչության սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Պետրոսյանը փոխանցելով Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները քաղաքի տոնի կապակցությամբ, նաև շնորհակալություն է հայտնել տոնակատարությանը մասնակցության հրավերի համար:
«Առաջին հերթին, պարոն քաղաքապետ, թույլ տվեք նկատել, որ մշտապես երիտասարդ Երևանն իսկապես զարգանում է օրեցօր, և յուրաքանչյուր այցի ընթացքում քաղաքի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն առավել նկատելի են դառնում, ինչն, իհարկե, խոսում է Ձեր աշխատանքի մասին: Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա համագործակցությանը, ապա պետք է նշեմ, որ մենք ուրախ ենք գործակցային կապերի խորցամամբ և առաջիկա տարիներին ևս ակնկալում ենք ակտիվ համագործակցություն քաղաքային տնտեսության բոլոր ուղղություններով»,- նշել է Վլադիմիր Պետրոսյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մայրաքաղաքների միջև առկա համագործակցության ընդլայնման հետ կապված այլ հարցեր։