Բավ է պառակտվել
23-01-2014 17:06

Միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող ուսանողները կզրկվեն տարկետման հնարավորությունից

 ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանելով «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունը, նշեց, որ դրանով  առաջարկվում է կարգավորել և կանոնակարգել միջպետական և միջկառավարական համաձայնագրերով տարկետում ստացած ուսանողների հարցը: Նախարարը նշեց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է բացառապես միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող արական սեռի ուսանողներին, իսկ նախաձեռնության՝ դրական պատասխանի դեպքում, Կառավարությունը կորոշի՝ որ բուհերի ուսանողներին և որ մասնագիտություններով տալ համապատասխան տարկետման իրավունք:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որով նախատեսվում է միջպետական և միջկառավարական համաձայնագրերով արտասահմանում սովորող արական սեռի ուսանողների համար ՀՀ կառավարության անհատական որոշումներով  տարկետում տալ միայն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ պարտավորությունների կատարումն ապահովող գրավի պայմանագիր /գրավ դրվող գույքի նվազագույն գինը սահմանվում է 8,5 մլն դրամ/ կնքելու պայմանով: 

Ըստ նախարարի, տարկետման խնդիրը բավական խիստ է դրված. որպես կանոն տարկետվում են աշխարհի լավագույն բուհեր ընդունված կամ շատ յուրահատուկ գիտական ծրագրերով արտասահմանում սովորող ուսանողներ, իսկ միջպետական համաձայնագրերով սովորող ուսանողների հարցը բաց է մնացել:

Արմեն Աշոտյանն օրինակ է բերում,–՛՛Ենթադրենք մի ուսանող սովորում է աշխարհի 11-րդ լավագույն բուհում ու չի տարկետվում, իսկ մյուս ուսանողը միջպետական համաձայնագրով ընդունվում է ինչ-որ երկրի մարզային նշանակության ինչ-որ բուհ ու տարկետվում է: Այստեղ անարդարության խնդիր կար»:

Այս օրենքով առավել հավասար պայմաններ կստեղծվեն արտասահմանում սովորելու համար բանակում ծառայած ուսանողների համար: Միջպետական համաձայնագրերով արտասահմանում սովորող տղաների մոտ 90 տոկոսը չեն ծառայել բանակում, իսկ ծառայած ու վերադարձած ուսանողներն անհավասար պայմաններում էին հայտնվում:

Արմեն Աշոտյանը հավելեց , որ  իրենք կպահպանեն տարկետման իրավունքը ելնելով տվյալ բուհի վարկանիշից՝ Եվրոպայում և տվյալ երկրում, և նրանից, թե որքանով է այս կամ այն մասնագիտությունը Հայաստանի համար պահանջված: