30-09-2015 16:02

Սյունիքի մազպետի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

Հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել, հաղորդվում է ՀՀ քննչական կոմիտեի կայքում։ Հիշեցնենք, որ նա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին է։ «ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար»,–ասված է հաղորդագրությունում ։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հայտնաբերվել է Մուշեղ Զաքարյանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հունիսի 15-ից հետախուզման մեջ գտնվող Մայիս Խաչատրյանը։ «Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը սեպտեմբերի 29-ին Մ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ Մ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու համար»,–հաղորդում են կոմիտեից: Նախաքննությունը շարունակվում է։