Բավ է պառակտվել
15-05-2015 11:01

Սուրիկ Խաչատրյանի որդին Հայաստանում չէ. Ոստիկանությունը պատասխանել է ՔԿ-ին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ օբյեկտիվ իրականությունը պարզելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախաքննության ընթացքում բազմաթիվ անգամ ստուգվել են կասկածելի անձանց բնակարանները՝ նրանց հայտնաբերելու նպատակով։ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից ստացվել է գրավոր պատասխան, որ այն անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում է կայացվել քննիչի կողմից, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են հանրապետությունից։ Նախաքննական մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Քննչական կոմիտեն, քրեական գործով նախատեսված գործողությունների և միջոցառումների քննչական պլանի համաձայն, իրականացնում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։ Քննության շահերից ելնելով՝ արդյունքների մասին նախաքննության այս փուլում առավել մանրամասն տեղեկություններ չեն կարող հրապարակվել: