Բավ է պառակտվել
13-04-2015 07:36

Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում  Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»: Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամմատոն նախևառաջ ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել Սուրբ Գրիգոր Նարեկացուն:

«Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեկցության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատվել են և պարզ ժողովրդի, և խորիմաց աստվածաբանների կողմից: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխծգործոցի՝ Մատյան ողբերգության հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ և որը ավետարանից հետո հայ ժողովրդի հավատացյալների մոտ ամենատարածված գրությունն է»,- ասաց կարդինալը:

Նա նաև հիշեցրեց, որ Ցեղասպանության ողբերգության մեջ ևս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի և խաղաղության կերտող: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դրանից հետո հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ:

Հիշեցնենք, որ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:Պատարագին մասնակցում են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, պաշտոնատար այլ անձինք։