Բավ է պառակտվել
24-04-2017 10:53

Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածի ականատեսների վկայությունները

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Թուրքական իշխանությունների վարած քաղաքականությունը սարսափելի ոճրագործությունների վերածվեց Օսմանյան կայսրության տարածքում բնակվող քրիստոնյա, և ոչ քրիստոնյա ժղովուրդների համար: Հենց այդ ժամանակ էլ քաղաքակիրթ աշխարհի աչքերի առաջ տեղի ունեցավ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որի արդյունքում բնաջնջվեցին ավելի քան մեկ ու կես միլին հայեր:
Ստորև ներկայացնում ենք մի քանի հայտնի մարդկանց վկայություններ, որոնք եղել են այդ ահասարսուռ իրադարձությունների ականատեսը, և որոնց սրտերում հայ ժողովրդի ողբերգությունը չէր կարող զարհուրանք ու ցավ չառաջացնել: Այս մարդկանց վկայությունները Օսմանյան կայսրությունում հայերի ծրագրված բնաջնջման վառ ապացույցն են:


Յոհաննես Լեփսիուս- գերմանացի հասարակական գործիչ, «Օրիենտ միսսիոն»-ի հիմնադիր, ով փորձում էր կանխել Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։« Ճշմարտություն Հայաստանի մասին» հոդվածաշարի հեղինակ: Քրիստոնյաների օգնության, մասնավորապես արևելքում հայերի օգնության առաքելության նախաձեռնող: Նա իր գործունեությամբ փորձում էր համաշխարհային հանրության ուշադրությունը գրավել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող հայերի կոտորածի վրա:
« Իշխանությունները (Թուրքիայի) խոսում են վերաբնակեցման մասին: Իսկ ես պնդում եմ, որ դա մեղմ ասած խոսքի չարաշահում է: Կարելի՞ է արդյոք քաղաքակիրթ ժողովրդին գրչի մի շարժումով աքսորել անապատները... «Վերաբնակեցում» բառը ամոթալի քողարկում է: Իշխանություններն այնպես են կազմակերպել արտաքսումը, որ խեղճերը մեկ շաբաթում սովից, ծարավից ու հիվանդություններից ճամփեքի վրա մեռնում են կամ խելագարվում: Քրդերին և հանցագործներին, ինչպես նաև նույն զինվորականներին թույլատրվում է սպանել դիմադրություն ցույց տված երիտասարդ տղաներին ու տղամարդկանց: Իսկ կանայք և աղջիկները դատապարտված են պատվազրկության»:

Հենրի Մորգենթաու- ամերիկյան դիվանագետ, Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը (1913 -1916 թթ): Իր « Դեսպան Մորգենթաուի պատմությունը» գրքում նա վառ ապացույցներ է բերում այն բանին, որ երիտթուրքերը մտադիր են կոտորածների ճանապարհով մեկընդմիշտ «լուծել» հայկական հարցը: Ստորև ներկայացված են դիվանագետի տվյալ աշխատության ամենավառ հատվածներից մի քանիսը.
« Երիտթուրքերը իրենց նախորդ Աբդուլ Համիդից շատ ավելի հմուտ գտնվեցին: գահընկեց արված սուլթանը պարզապես « սպանե՛լ, սպանե՛լ»-ու կոչ էր անում, այն ժամանակ, երբ թուրքական դեմոկրատիան միանգամայն նոր ծրագրով էր առաջնորդվում: Հայերի բացահայտ կոտորածի փոխարեն, երիտթուրքերը որոշեցին տեղահանել նրանց... Տեղահանության իրական նպատակը թալանն ու ոչնչացումն էր՝ դա իրոք կոտորածի մի նոր մեթոդ է: Երբ թուրքական իշխանությունները տեղահանության հրամաններ էին տալիս, նրանք փաստացի մահվան դատավճիռ էին իջեցնում մի ողջ ազգի՝ նրանք դա շատ լավ էին հասկանում, և ինձ հետ զրույցների ընթացքում չէին փորձում թաքցնել այդ փաստը: Տարհանումն իրականացվում էր 1915թ. գարնան և ամռան ողջ ընթացքում...:
... Կառավարական պետաշխատողները հայերին զգուշացնում էին, որ քանի որ տեղահանությունը ժամանակավոր բնույթ է կրում և պատերազմի ավարտից հետո նրանք վերադառնալու են՝ նրանց չի թույլատրվում վաճառել իրենց տները:
Բայց նախկին տանուտերերը չէին էլ հասցնում լքել իրենց բնակավայրերը, երբ նրանց տներում բնակություն էին հաստատում մահմեդականները՝ թուրքիայի մյուս շրջաններից եկածները: Նույն ձևով էլ հայերի բոլոր թանկագին իրերը՝ փողերը, մատանիները, ժամացույցները, թանկագին զարդերը հավաքվում էին ոստիկանության կողմից՝ իբրև թե մինչ տերերի վերադարձը «ապահով» պահպանության համար, ինչից հետո այդ ամենը բաժանվում էր թուրքերի միջև:
...Տղամարդկանց սիստեմատիկ ոչնչացումը շարունակվում էր: Սպանվում էին նաև այն տղամարդիկ, ովքեր փրկվել էին նախորդած կոտորածներից: Մինչ քարավանի շարժվելը կատարվում էր հետևյալ գործողությունը. Երիտասարդ տղաներին առանձնացնում էին իրենց ընտանիքներից, չորս-չորս տղայի կապում էին իրար հետ, տանում էին բնակավայրի ծայրամաս, և գնդակահարում էին: Անդադար մասսայական մահապատիժներ էին տեղի ունենում՝ առանց դատ ու դատաստանի: Երբ քարավաններին շարժվելու նշան էին տալիս, դրանց կազմում գրեթե միշտ կանայք, երեխաներ և տարեցներ էին լինում: ցանկացած մեկին, ով կփորձեր նրանց փրկել դաժան ճակատագրից՝ տեղում կսպանեին:
... Փոքր Ասիայի բոլոր ճանապարհները լցված են աքսորյալների խմբերով. Վեց ամսվա ընթացքում Սիրիական անապատով ահասարսուռ ճամփորդության գնաց մոտ 1,2 մլն մարդ:
... Հաճախ զինվորականները սվինով խոցում էին ընկածներին: Հայերը հարյուրներով էին մեռնում՝ սովից ու ծարավից: Նույնիսկ երբ մոտենում էին գետերին, զինվորականները թույլ չէին տալիս, որ ջուր խմեն: Անապատի արևը վառում էր նրանց կիսամերկ մարմինները, իսկ բոբիկ ոտքերը շիկացած ավազից այնպես էին ցավում, որ հազարավոր մարդիկ տեղում ընկնում և մեռնում էին, կամ էլ ընկած տեղում սպանվում էին:
Այս սարսափների ֆոնին թուրքիայի իշխանությունների պնդումներն այն մասին, որ իրենք իրոք մտադիր էին հայերին տեղափոխել նոր բնակավայրեր՝ անհեթեթ էին»:

Ֆրիտյոֆ Նանսեն-նորվեգացի գիտնական, Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ 1925թ. գլխավորել է ցեղասպանության զոհերի հայրենադարձության կոմիտեն: Ժողովների ժամանակ Նանսենը բազմիցս է բարձրացրել հայ ժողովրդի ողբերգության հարցը, իսկ 1927թ. հրատարակել է « Հայաստանն ու Մերձավոր Արևելքը» բրոշյուրը, որտեղ քննադատության է ենթարկել եվրոպական պետություններին՝ հայկական հարցի հանդեպ ցուցաբերած անտարբերության և չկատարած խոստումների համար:
« Երիտթուրքերն արեցին այն, ինչը նախորոք էին ծրագրել: Նրանք հայաթափ արեցին Անատոլիան և Թալեաթ փաշայի հետ միասին կարող էին ասել, որ հայկական հարցը nexiste plus է ( արդեն գոյություն չունի՝ ֆրանս.): Կատարվող իրադարձություններն արդեն չեն անհանգստացնում ամերիկյան կամ եվրոպական որևէ կառավարության, և որևէ քաղաքական գործչի: Նրանց համար հավերժական հայկական հարցը խորտակվել է արյան ծովում... Խեղճ լինեն հայերը, որ երբևէ ներքաշվել են եվրոպական քաղաքականության մեջ: Շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանի անունը չհնչեր ոչ մի եվրոպացի դիվանագետի շուրթերից»:
Վալերի Բրյուսով- գրականագետ և պատմաբան, «Հայ պոեզիան հնագույն ժամանակնորից մինչև մեր օրերը» ժողովածուի հեղինակ: 1918թ. Մոսկվայում նա թողարկել է«Հայ ժողովրդի պատմական ճակատագրի տարեգրությունը» ծավալուն աշխատությունը: Ստորև ներկայացված է հատված նրա աշխատանքից.
« Ինչ էլ որ թուրքերի պաշտպանները չասեն, ինչքան էլ հղում անեն «պետական անհրաժեշտության» փաստարկներին, ոչինչ չի կարող արդարացնել զանգվածային ծեծերը, ամբողջ շրջանների մարդահանությունը, քաղաքներիր և գյուղերի բնակիչների արտաքսումն ու սովահար մահվան մատնումը և այլն»:
Իռլանդացի լրագրող Էմիլ Դիլոն
Բնակվելով Թուրքիայում իռլանդացի գիտնական և լրագրող Էմիլ Դիլոնը Օսմանյան իշխանությունների կողմից հայերի ոչնչացման վերաբերյալ բազմաթիվ վկայություններ է հավաքել: Նրա շնորհիվ անգլիական պարբերականներում ոչ միայն Հայաստանին և հայկական մշակույթին վերաբերող, այլ նաև Թուրքիայում հայերի վիճակի մասին պատմող մի շարք հոդվածներ տպագրվեցին: Ստորև հատվածներ են ներկայացված նրա « Իրադրությունը թուրքական Հայաստանում» ծավալուն հոդվածից:
« Բնաջնջման այս քաղաքականությունը խստագույն ձևով է տարվում, և եթե դրան վերջ չտրվի, անկասկած, այն կհանգեցնի հայկական հարցի վերջնական լուծմանը: Բայց դա խայտառակություն կլինի քրիստոնյաների համար, և ծաղր քաղաքակրթության հանդեպ...
Բնաջնջման ծրագրի իրականացման առաջին քայլը ժողովրդին սիստեմատիկ կերպով ընչազուրկ դարձնելն է:
Հայ աղջիկները թուրքերի և քրդերի կողմից առևանգվելու մշտական վտանգի մեջ են, և ծնողները մշտապես մտահոգված են նրանց պաշտպանության խնդրով: Որպես պաշտպանական միջոց է ծառայում վաղ հասակում ամուսնությունը, կամ տղայի հագուստ հագցնելը:
... Խնուսաբերդ գյուղից Լուսինե Մուշեղը ծնվել է 1878թ. և հաճախել է Էրզրումի միսիոներական դպրոց: Մի օր գիշերը նրան բռնում են, փակում են բերանը և մազերից քարշ տալով հասցնում են Հուսնի բեյի տուն: Այդ մարդը՝ տեղի քաղաքապետի որդին էր: Նա պատվազուրկ է անում երիտասարդ կնոջը և հաջորդ օրը տուն է ուղարկում, բայց ամուսինը հրաժարվում է ընդունել նրան, և այժմ նա վտարանդի է »:
« Լռության դավադրությունը» բացահայտած ֆրանսուհի Սևերին

Ֆրանսիացի լրագրող Սևերին (իսկական անունը Կարոլինա Ռեմի), ով ֆրանսիական մամուլում առաջինն է հրապարակել «Հայկական ջարդեր» հոդվածը: Նա « Լռության դավադրություն» հասկացության հեղինակներից է, ով մերկացրել է Աբդուլ Համիդին վաճառված ֆրանսիական մամուլը:
« Ամեն տասը, ամեն հինգը տարին մեկ հայկական արյուն է թափվում, և իրապես անհավանական է, որ նրա աղբյուրն այդքան անսպա՛ռ է: Իսկ ամենից զազրելին այն է, որ չգիտեմ, թե ինչ հիմքի վրա է այս խեղճ ազգի շուրջ լռության դավադրություն հյուսվում, որպեսզի ոչ մեկ չհամարձակվի համակրել և կարեկցել նրան... Եվ դա միայն երեկ չէր, և ոչ էլ հենց նոր, ո՛չ, արդեն մի ամբողջ տարի է, ինչ թուրքերն ամեն ինչ փլատակների են վերածում, ձգտելով անել այնպես, որ Հայաստանը վերանա: Եվ բոլորը գիտեն այդ մասին, դրան ապացույց կա, և ոչ ոք դա չի հերքում»:

Գերմանացի գրող Էլզա Ֆրապան (Ակունյան)
Գրող Էլզա Ֆրապանը, ով հաճախ էր ստորագրում իր հայազգի ամուսնու ազգանունով (Ակունյան), բազմիցս է հանդես եկել գերմանական մամուլում՝ ի պաշտպանություն Օսմանյան կայսրության հայազգի բնակչությանը:
Նա նաև հանդիսանում է « Հայկական հարց» և « Հայերն ու ցարիզմը» գրքերի հեղինակը:
« Հայաստանում, որը հայտնվել է դաժանագույն, անմարդկային լծի տակ, բիբլիական մասշտաբի ու մշանակության իրադարձություններ են կատարվում: Ես հայերի տառապանքների ու տանջանքների մասին սարսափելի փաստաթղթեր եմ ուսումնասիրել: Մի կողմից սիրտս արյունով էր լցվում, երբ մտածում էի աքսորյալների և սրին քաշվածների մասին, մյուս կողմից, հոգիս պատում էին հիացմունքն ու խնդությունը: Աչքերիս առաջ մեծ ողբերգություն էր կատարվում: Արյունարբու, անասնային մեծամտություն ունեցող, կրթության համար անպիտան, հետամնաց, վայրի մասսայի մոլի բարբարոսությանը դիմակայում է քաղաքակիրթ, կրթության ձգտումով և մեծապես շնորհալի ազգի անձնուրաց ինքնազոհությունն ու պողպատե ամրությունը: