Բավ է պառակտվել
05-02-2016 12:55

Սպան դատարանում պատմեց՝ ինչպես են ձերբակալել Պերմյակովին

Սահմանապահ Միխայիլ Խաչատրյանը, որը ձերբակալել է Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին, դատարանում այսօր պատմեց ձերբակալության մանրամասները: «Եղավ հրաման, որ փախած զինվորին պետք է գտնել: Մենք շներով դուրս եկանք նրա հետքին, հասանք ուղեկալ, տեսանք մի մարդ, ում հրամայեցինք կանգնել: Ինքն ասաց՝ ձերոնցից եմ, գալիս եմ ձեր մոտ: Երբ հրաման արձակեցի կանգնելու, այդ մարդը շարունակում էր շարժվել, ես կրակոց արձակեցի նախազգուշական, դրանից հետո նա կանգնեց, ես հրամայեցի պառկել գետնին»,- պատմեց սպան՝ նշելով, որ Պերմյակովի մոտ տեսել է գումար եւ երեք հեռախոս: Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը նշեց, որ վկան հայկական կողմի հարցաքննության ժամանակ չի տվել նույն ցուցմունքը, ինչ տվել է ռուսական կողմի հարցաքննության ժամանակ: Նա հարցրեց Միխայիլ Խաչատրյանին՝ ինչու հայկական կողմին չի ասել, որ շներով են գնացել Պերմյակովին փնտրելու, ինչին վկան պատասխանեց, որ նման հարց իրեն ուղղված չի եղել: Վկաների հարցաքննությունը շարունակվում է: Այսօրվա համար դատակոչված վկաների թիվը 16-ն է: Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության: Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով: Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին: Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ: