Բավ է պառակտվել
22-07-2014 14:44

Սուտ է այն, որ 100 դրամ ուղեվարձի դեպքում գծատերերը շահույթ չունեն. Սանասարյան

Երթուղային տրանսպորտում շահագործվող գազելները, որոնք վաղուց պետք է շահագործումից հանվեին, վտանգավոր են, մարդիկ պետք է ավելի պահանջկոտ լինեն:Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի խնդիրներին:

«Այսօր մինչեւ այստեղ գալը կարդացի, որ երթուղայիներից մեկը՝ 54 համարի երթուղայինը, մխրճվել էր մամուլի կրպակի մեջ, եւ խնդիրը արգելակման հետ էր կապված: Իրականում դա նոր մեքենա էր՝ Չինաստանից ներմուծված, դուք պատկերացրեք, թե որքան վտանգավոր են այն գազելները, որոնք արդեն վաղուց պետք է շահագործումից դուրս հանվեին»,- նշեց Դավիթ Սանասարյանը:

Ըստ Սանասարյանի՝ տրանսպորտի վատ վիճակը ձեռնտու է գծատերերին. «Հիմա նրանք փորձում են ներկայացնել, որ մինչեւ տրանսպորտը չթանկանա, չեն կարող համակարգային լուծում տալ: Նրանք քաղաքացիների գումարի հաշվին փորձում են իրենց բիզնես ոլորտը բարելավել: Ամբողջ աշխարհում ծառայության դիմաց են վճարում, ոչ թե ասում են՝ գումար տուր, ծառայություն մատուցենք»:

Նրա կարծիքով ՝ սուտ են այն պնդումները, որ գծատերերը 100 դրամ ուղեվարձի դեպքում առանց շահույթի են աշխատում այսօր:
Երևանի ավագանու անդամի կարծիքով՝այս իրավիճակում պետք է պայքարեն քաղաքացիները եւ պահանջկոտ լինեն:

«Քաղաքացիները պետք է շատ ակտիվ մասնակցեն այդ սպրոցեսներին, պահանջներին, ոչ թե սպասեն ու արձագանքողի դերում հանդես գան: Պետք է չնստեն այն մեքենաները, որտեղ տեղ չկա նստելու, կամ որտեղ այլ երկրների դրոշներ են դրած, կամ երբ վարորդը ծխում է կամ ռաբիս երաժշտություն է լսում: Ես ուսումնասիրել եմ, տարբեր երթուղայիններ եմ նստել եւ տեսել, որ վարորդները ծխում են, իսկ Երեւանի տրանսպորտի վարչության պետը ամեն երկուշաբթի քաղաքապետարանում գալիս, զեկուցում է, որ տրանսպորոտում խախտումների վեց դեպք են հայտնաբերել: Սա նշանակում է, որ նրանք չեն աշխատում»,- նշեց Դավիթ Սանասարյանը: