20-01-2014 14:59

Ս. Սարգիս զորավարի տոնը

ՙԱմենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է փետրվարի 15-ին՚,- news.gisher.ru-ի հետ զրույցում նշեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Մինչ այդ փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքը (հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն): ՙԱռաջավորաց Պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ այն որևէ առնչություն չունի: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև փետրվարի 14-ը ներառյալ: Փետրվարի 14-ի երեկոյան անհրաժեշտ է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության, իսկ հաջորդ օրը` Ս. Սարգսի տոնին, մասնակցել Ս. Պատարագին և հաղորդվել, որով և դուրս գալ պահքից՚,-ընդգծեց քահանան: Մեր հարցին, թե ինչո՞ւ ենք հենց հինգ օր պահք պահում: Տեր հայրն ասաց. ՙՊատճառները մի քանիսն են. ըստ դրանից մեկի, քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի գղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չկատարել՚: Տեր Կարապետը, նաև հիշեցրեց, որ ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Սուրբ Գրիգորը Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին, նախքան մկրտելը, 65 օր շարունակ Քրիստոսին ու Նրա հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահքով ապաշխարել: Այդ հինգ օրերին ժողովուրդն իր արքայով հանդերձ ոչ միայն իրեն զրկել էր կերակուրներից, այլ ինչպես պահանջում է իսկական և Աստծու կողմից ընդունելի պահքը, մեծապես զղջում էր իր նախկին հեթանոսական, անբարո կյանքի և բոլոր տեսակ մեղքերի համար, մանավանդ հայոց արքան ու մեծամեծերը, որոնք Քրիստոսի հավատքի պատճառով Սուրբ Գրիգորին բազմաթիվ տանջանքների ենթարկելուց հետո օձալից ու խավար խոր փոսը` վիրապն էին գցել, իսկ Հռիփսիմյան կույսերին չարչարելով սպանել:
Ինչ վերաբերում է բոլոր չամուսնացած երիտասրդների սիրելի ՙաղի բլիթի՚ սովորույթին, ապա, ըստ Տեր Կարապետի, եկեղեցին խիստ չէ, բայց փոխարենը հորդորում է լինել աղոթող ու Աստավածահաճո: