Բավ է պառակտվել
03-12-2016 15:35

Դինքի սպանության գործով դատավարությունն ընդհատվել է դատախազներից մեկի պատճառով

Պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստն անակնկալ կերպով ընդհատվել է՝ գործը վարող դատախազներից մեկի ձերբակալության պատճառով:

Նախօրեին կայացած հերթական դատական նիստի ընթացքում մեղադրյալներից Ռամազան Աքյուրեքի պաշտպանական ճառի ընթացքում նիստը վարող դատախազը նախ 5 րոպեանոց ընդմիջում է հայտարարել, այնուհետև հայտարարվել է, որ դատական նիստը հետաձգվում է երկու ժամով:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն ժամերին ձերբակալվել է Դինքի սպանության գործով դատավարությունը վարող դատախազներից Բունյամին Քարաքաշը, որն այդ օրը նիստին չի մասնակցել:

Քարաքաշը մեղադրվում է Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժմանն անդամակցելու համար:

Նշենք, որ գյուլենականների հետ կապերի համար մեղադրվում են նաև Դինքի սպանության գործով հիմնական ամբաստանյալները, այդ թվում և նախօրեին իր պաշտպանական ճառով հանդես եկած Ռամազան Աքյուրեքը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է արդեն գրեթե 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը: