02-12-2016 17:10

«Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը հետաձգվեց

2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «Նորք Մարաշի զինված խմբի» գործով առաջին դատական նիստը սկսվեց նախատեսվածից շուրջ մեկ ժամ ուշացումով:

Ներկայացվեցին դատարան ուղարկված անձանց գործերը, որոնց մեղադրանքն օրերս խստացվել էր: Դատական նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, Ավետիս Բարեյանը և մի քանի պաշտպաններ:

Գործը քննող Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հայտարարեց, թե ամբաստանյալների չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է: Փաստաբանները որոշմանը կողմ արտահայտվեցին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2017 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 14:40-ին:

Մեղադրանքով զինված խմբի ղեկավար ներկայացվող Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ չի ընդունում մեղադրանքը: «Եթե Արցախին և հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ: Իշխանությունը ժողովրդին է պատկանում անհնար է բռնազավթել»։

Նշենք, որ գործով անցնում է 20 անձ, իսկ որպես զինված խմբի ղեկավար՝ Արթուր Վարդանյանը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից, գտնվելով ՀՀ տարածքում, նա ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Գործով անցնող Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) և 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Պաշտպաններն առաջադրված մեղադրանքներն անհիմն են համարում: