Բավ է պառակտվել
12-12-2015 10:10

Պերմյակովի դատավարությունը կհեռարձակվի ուղիղ եթերով

Այն, որ Ավետիսյանների դատավարությունն ընթանալու է 102-րդ ռազմաբազայի տարածքում, ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հարուցել էր լրագրողների արդարացի զայրույթը: Լրագրողների դժգոհության պատճառը ավելի վաղ ռուսական կողմի դատավարության ընթացքում առաջ եկած խոչընդոտներն են, երբ լրագրողներին արգելվել է հեռախոս, համակարգիչ եւ լրացուցիչ տեխնիկա իրենց ձեռքում ունենալը, ինչը բնականաբար լուրջ խոչընդոտ է հանդիսացել օպերատիվ աշխատելու համար: Մինչդեռ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պերմյակովի դատը բաց կլիներ, առանձին հավատարմագրվելու կարիք չէր լինի, անհարկի խնդիրներ չէին ստեղծվի: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը իր մոտ էր հրավիրել լրագրողներին՝ լսելու նրանց դժգոհությունները: Նա վստահեցրեց, որ կարվի ամեն հնարավորը, որպեսզի ոչ մի լրագրող որևէ խնդիր չունենա: Նրա վստահեցմամբ՝ դատավարությունը թափանցիկության համար նաև ուղիղ եթերով է հեռարձակվելու: Իսկ առավել մանրամասն նախագահը խոստացավ խնդիրների կարգավորման շուրջ զրուցել երկուշաբթի օրը, երբ ամենը հստակեցված կլինի: Հիշեցնենք, որ Ավետիսյանների սպանության գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովի դատավարության առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին 102-րդ ռազմաբազայի տարածքում: Որոշվել է նիստը արտագնա անել՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Նշենք, որ գործով միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, ով ռուսական 120-րդ ռազմաբազայի զինծառայող է հանդիսանում, ընդունել է մեղքը: Դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, սպանվել էին տան մեջ գտնվող ընտանիքի բոլոր 7 անդամները: