05-11-2014 13:40

«Զվարթնոց» օդանավակայանի մասնաշենքի ճակատագիրը շարունակում է մտահոգել մասնագետներին

«Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ճակատագիրը շարունակում է մտահոգել մասնագետներին, ճարտարապետներին, սակայն նրանք հույս ունեն, որ կոնցեսիոների հետ միասին կարող են պահպանել շենքը: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հայտարաեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի ճակատագիրը շարունակում է մտահոգել մասնագետներին, ճարտարապետներին, սակայն նրանք հույս ունեն, որ կոնցեսիոների հետ միասին կարող են պահպանել շենքը:«Բազմաթիվ քննարկումներ են եղել: Կոնցեսիոներն էլ է գնահատում այդ շենքի կարևորությունը: Նրանց կողմից բարձրացվել էր էստակադան քանդելու հարցը, սակայն տեսնում են, որ եթե սկզբում մասնակի են քանդում շենքը, հետո ամբողջությամբ վերացնում են: Մենք առաջարկեցինք ներկայացնել մի ամբողջ փաթեթ, թե ինչպես պետք է հետագայում վարվեն շենքի հետ, ինչպես պետք է պահպանեն»,- ասաց նա: Ըստ Պարոն  Մինասյանի՝ միգուցե շենքը չի բավարարում այսօրվա պահանջներին, բայց այն կարող են օգտագործել այլ ֆունկցիաներով, ինչպես լինում է բոլոր այլ քաղաքներում: Ինչ վերաբերում է այս տարվա ընթացքում այլ հուշարձանների քանդմանը կամ ձևախեղմանը, Ճարտարապետների միության նախագահը առանձնացրեց Հ. Աճառյան անվան դպրոցի շենքը: «Ճարտարապետների միությունում քննարկում ենք  ու մշակույթի նախարարությանն ենք ներկայացնելու մի քանի հուշարձանների ցանկ, որոնք անհրաժեշտ է ընդգրկել պետության կողմից պահպանվող հուշարձանների ցուցակում: Դրանցից են՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային շենքը, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը, մետրոյի «Հանրապետական», «Երիտասարդական» կայանները »,- ասաց նա:  Մկրտիչ Մինասյանը նշեց, որ մշակութային հուշարձանների պահպանությանը վերաբերող օրենքները շատ լավն են, ուղղակի խնդիրն այն է, որ այդ օրենքները չեն գործում: