23-12-2016 22:35

«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրն անորոշ է մնում

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման վերաբերյալ դեռ որևէ որոշում չի կայացվել. Ուրբաթ օրն այս մասին լրագրողներին հայտնել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:


2013 թվականի ապրիլին «Զվարթնոցի» կոնցեսիոները դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ օդանավակայանի հին շենքը քանդելու համար թույլտվություն ստանալու նպատակով: Ընկերությունը վկայակոչում է փորձագետների գնահատականները, որոնք ասում են, որ շինությունը ֆիզիկապես մաշված է, և նրա վերակառուցումը մոտ 15-20 մլն դոլար ներդրում կպահանջի:
Հայաստանի խորհրդանիշներից մեկը համարվող խորհրդային մոդերնիզմի այս անկրկնելի օրինակը քանդելու մասին որոշումը հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացրեց: Ճարտարապետները հայտարարում են, որ շենքի ապամոնտաժման մասին որոշումը բիզնես-նպատակներ է հետապնդում, և կոմերցիոն բնույթ է կրում:
« Քաղաքաշինության նախարարությունը հստակ դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի օդանավակայանը բաղկացած է 5 հիմնական էլեմենտներից, որոնցից 3-ը բնորոշում են տվյալ շենքի ճարտարապետական արժեքը՝ փոքր կլոր հատվածը, մեծ կլոր հատվածը և աշտարակը: Մյուս երկու էլեմենտները՝ պանդուսն ու կամրջակները, իրենցից արժեք չեն ներկայացնում:
Մենք գտնում ենք, որ պանդուսն ու կամրջակները կարելի է քանդել, վերանորոգել, բայց ճարտարապետական արժեք ներկայացնող այդ 3 հատվածներին ներդրողները չպետք է ձեռք տան»,-հայտարարել է Սարգսյանը, և հավելել, որ նախարարությունը հավատարիմ է մնալու այս դիրքորոշմանը: Նա նաև վստահություն է հայտնել, որ շինությունը պահպանվելու է:
«Մեր դիրքորոշումը համընկնում է ճարտարապետների դիրքորոշման հետ, մենք նաև կողմնակից ենք այն դիրքորոշմանը, որ կառույցները, որոնք բնորոշ են երկրի պատմության որոշակի փուլի՝ չպետք է լիովին վերափոխվեն: Նրանք կարող են վերանորոգվել՝ պահպանելով իրենց արժեքը»,- նշել է նա:
Նշենք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հին շենքը կառուցվել է ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Ժ. Շեխլյանի, Լ. Չերքեզյանի, Ա. Տիգրանյանի, Ա. Մեսչյանի և կոնստրուկտոր Ս. Բաղդասարյանի նախագծով: Շենքը շահագործման է հանձնվել 1980 թվականին:
«Զվարթնոց» օդանավակայանը 2001 թվականին ՀՀ կառավարության տրամադրած արդիականացման ծրագրի շրջանակներում 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ի սեփականատերը Նյու-յորքյան ընկերություն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում են Արգենտինայի հայկական ծագումով քաղաքացի Էդուարդո Էռնեկյանին(Eduardo Eurnekian):