Բավ է պառակտվել
15-09-2015 12:32

Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց նախորդ տարվա հունիսին օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։ Դատավճիռը հրապարակվեց այսօր: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվեց օրինական ուժի մեջ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: Նշենք, որ դատախազը միջնորդել էր Հայկ Կյուրեղյանին 14 տարվա ազատազրկման դատապարտել: Դատավճռով բավարարվել է նաև գործով տուժող Քրիստինա Սարդարյանի քաղհայցը. Կյուրեղյանը, որպես վնասի փոխհատուցում, պետք է վճարի 284 հազար դրամ: Դատավճռի հրապարակման պահին Հայկ Կյուրեղյանը նիստերի դահլիճում չէր, քանի մինչ այդ դատավորը նրան հեռացրել էր՝ ոտքի չկանգնելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: