Բավ է պառակտվել
02-10-2014 14:37

Ստորագրահավաք՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ

«Կապան քաղաքացիական շարժում» նախաձեռնությունը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ստորագրահավաք է սկսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ:
Շարժումը Change.org կայքում տեղադրել է խնդրագիր, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Խորհրդային տարիներին Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատապարտվել է քրեական հանցագործությունների համար: Անկախության տարիներին Սուրիկ Խաչատրյանը եւ նրա շրջապատը բազմիցս առնչվել են մի շարք աղմկոտ հանցագործությունների հետ: Այդպիսի կենսագրության եւ վարքուբարքի տեր մարդուն Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը գնահատում ենք որպես արհամարհանք Սյունիքի եւ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ, Սյունիքում քրեական մեթոդների վերջնական ամրապնդմանն ու արտագաղթն արագացնելուն ուղղված քաղաքականություն: Կոչ ենք անում Սյունիքի եւ Հայաստանի ներկայով ու ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին միանալ մեր հայտարարությանը»:
Նշենք, որ ժամը 12:00-ի դրությամբ խնդրագրին միացել է 370 քաղաքացի: Նրանց մեջ են ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, գրողներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, լրագրողներ:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը մարզպետ է նշանակվել սեպտեմբերի 25-ին: