17-10-2016 12:06

Բացահայտվել է ժամկետային զինծառայողի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 15–ին ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող իրեն ամրակցված ինքնաձիգից։

Վ.Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։ Կասկածյալը ձերբակալվել է։

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։