31-07-2017 11:30

Հայտնի է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության պատճառը

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով որպես կասկածյալներ ձերբակալվել են նրա կինն ու որդին: Այս մասին հաղորդում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Հուլիսի 23-ին Արմավիրի բնակչուհին հաղորդագրություն էր ներկայացրել ոստիկանություն առ այն, որ իր ամուսին Մանուկ Սիմոնյանը ժամը 22:00-23:00-ի սահմաններում դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 25-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 52-ամյա Մանուկ Սիմոնյանի դին՝ փաթաթված և կապկպված վիճակում:
Նախաքննության արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Սիմոնյանի կինը պարբերբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից:
«2017թ. հուլիսի 22-ին առավոտյան ամուսինների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո ամուսինը քնել է: Կինը կացնով հարվածներ է հասցրել քնած ամուսնուն, ով ստացված վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել, ինչից հետո նրանք տարել են դին և թաքցրել Դալարիկ գյուղի մոտակա ձորակում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Քննությունը շարունակվում է: