Բավ է պառակտվել
21-10-2016 08:57

Քըրք Քըրքորյանի 2 միլիարդանոց կտակը տնօրինողներից մեկը հայ է

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը կարդացել է Քըրք Քըրքորյանի կտակը։ Այս մասին Օսկանյանը գրել է Facebook-ի իր էջում։

«Ժառանգություն է թողնվել 2 միլիարդ դոլարի կարգի գումար, որը բացառապես պետք է տրամադրվի մեկ կամ ավելի բարեգործական կազմակերպությունների, որոնք ունեն ԱՄՆ-ի հարկային ծառայության այսպես կոչված 501(C)3 արտոնությունը։ Կտակը պետք է տնօրինվի անվանական նշված երեք անհատների կողմից, որոնցից հայազգի է միայն մեկը։ Նրանք Քրքորյանի մահվանից հետո երեք տարվա ընթացքում (որի մեկ տարին անցել է) պետք է արդեն այդ գումարի բաժանումը կատարած լինեն»,– նշվում է Օսկանյանի գրառման մեջ։

Օսկանյանի հաղորդմամբ, այս եռյակի որոշումները պետք է լինեն մեծամասնության սկզբունքով ու Քըրքորյանի՝ հատկապես վերջին քսան տարիներին կատարած բարեգործական նվիրաբերումների առաջնայնություններից ելնելով։

ՀՀ նախկին արտգործնախարարը կոչ է արել նաև հնարավորինս արագ հայ ժողովրդի բացարձակ վստահությունը վայելող անհատներից բաղկացած հինգ-յոթ հոգանոց հանձնաժողով, որը, խորհրդակցություններ անցկացնելով այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, առաջարկների փաթեթ կներկայացնի կտակը տնօրինող եռյակին։

Ըստ Օսկանյանի, հանձնաժողովի խնդիրը պետք է լինի հիմնավորել կտակի գումարների ստվար մասի ուղղումը հայկական նպատակներին: