Բավ է պառակտվել
07-12-2016 08:38

Հայաստանը հիշում է Սպիտակի երկրաշարժի զոհերին

Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցը։ Տարերային աղետը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից է։

Աղետը հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ ավերվեցին մասամբ:

Երկրաշարժի 6-բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում:

Գիտնականների հաշվարկներով, երկրաշարժի ժամանակ երկրակեղևի ճեղքման գոտում դուրս է ժայթքել Հիրոսիմայի վրա գցված տասը ատոմային ռումբերի պայթյունին համարժեք էներգիա։ Երկրաշարժի ալիքը տարածվել է աշխարհով մեկ և արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Ավստրալիայի սեյսմիկ կայանների կողմից:

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, երկրաշարժի ուժգնությունը հասել էր 10 բալի, Լենինականում (Գյումրի)՝ 9 բալի, Կիրովականում (Վանաձոր)՝ 8 բալի։ Սպիտակ քաղաքն ավերվել էր հիմնովին:

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։