Բավ է պառակտվել
01-06-2015 12:28

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան շնորհավորական ուղերձ է հղել  Երեխաների պաշտպանության օրվա առթիվ: ԱԺ նախագահի ուղերձում ասվում է. 
«Սիրելի երեխաներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:
Յուրաքանչյուր երեխայի մեջ մի կտոր հայրենիք կա, յուրաքանչյուր երեխայի ճակատագիր հայրենիքի ճակատագրի մի մասնիկն է, ուստիեւ երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ, նրա պաշտպանությունը հայրենիքի պաշտպանություն է:
Մեզ համար մանկապաշտությունն ու հայրենապաշտությունը նույն երեւույթն են, երկուսն էլ առանձնահատուկ են մեր սրտում եւ գիտակցության մեջ՝ պահանջելով նվիրում, սեր ու ջանք: Երեխայի մեջ գալիքը տեսնելով՝ այն նույնացնում ենք երկրի ապագայի հետ եւ առավելագույն եռանդ ու պատվախնդրություն ներդնում ավելի բարեկեցիկ վաղվա օր ապահովելու գործում, օր, որն սկսվում է ներկայից եւ յուրաքանչյուրիցս պահանջում երեխայի իրավունքի գիտակցում եւ դրա պաշտպանություն, երեխայի հանդեպ հոգատարություն եւ պատասխանատվություն: Երեխաների պաշտպանության հարցում պետք է լինի ոչ թե պատասխանատվության բաժանում, այլ մեկտեղում հասարակության բոլոր անդամների կողմից, որտեղ միակ շահը հենց բարեկեցիկ մանկությունն է, միակ շահառուն՝ երեխաները, իսկ վերջնարդյունքում՝ հայրենիքը: Կառուցելով բարեկեցիկ երկիր՝ ստեղծում ենք այն պայմանները, որոնցում արժանապատվորեն մեծանալու է հայրենիքի վաղվա պաշտպանը, վաղվա քաղաքացին, առաջընթացի վաղվա շարժիչ ուժը:
Վերստին շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք»: