Բավ է պառակտվել
31-12-2014 08:25

Գալուստ Սահակյանի ամանորյա շնորհավորական ուղերձը

Սիրելի հայրենակիցներ,

հերթական անգամ գտնվում ենք հին ու նոր տարիների սահմանագծում, որի մի կողմում պատմություն դարձող նորագույն անցյալի գնահատականն է, մյուսում` նոր ակնկալիքները:

2014 թվականը փորձության, փորձառության ու ձեռքբերման եւս մեկ փուլ էր մեր բազմափորձ ժողովրդի եւ Հայաստանի երրորդ հանրապետության համար: Այն վերստին հավաստեց, որ մեր հաղթանակները շարունակական են եւ ոչ միայն ռազմի դաշտում:

2014 թվականին պետությունը ձգտեց առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունները, իսկ հասարակությունը` առավելագույնս իրացնել իր քաղաքացիական իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Շատ կարեւոր է, որ բոլորիս գործողությունների նպատակետերը նույնն էին` մրցունակ պետություն եւ զարգացած հասարակություն, երկրի հզորացում եւ ժողովրդի կենսամակարդակի բարելավում: Սրանք այն նպատակներն են, որ միշտ մեր տեսադաշտում են, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի օրակարգում: Այդ օրակարգն իր արդիականությունը չի կորցնելու նաեւ 2015 թվականին:

Սիրելի հայրենակիցներ,

2015 թվականին լրանում է Հայաստանի անկախության հռչակագրի 25- ամյակը, հռչակագիր, որը ողջ ժողովրդի անունից ընդունել է հայոց խորհրդարանը: Այս ընթացքում մենք ապացուցել ենք, որ մեզ համար ինքնիշխանությունը խորը բովանդակություն ունեցող կենսաձեւ է: Եւ այսօր մեզնից որեւէ մեկն իրավունք չունի անգամ կասկածի նշույլ դնել իր հետադարձ հայացքի մեջ, առավել եւս` առաջ նայելու դեպքում: Ոչ միայն չպետք է կասկածենք, այլեւ միասնական ուժերով մեր երկիրը հզորացնելով` ձեռք-ձեռքի, ուս-ուսի առաջ քայլենք հայկական երկրորդ պետության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների հետ, մեզնից երբեք չբաժանվող, մեր հոգսի եւ ուրախության անդավաճան մասնակիցների` սփյուռքի մեր հայրենակիցների հետ:

2015-ին լրանում է նաեւ Հայոց ցեղասպանության մեկ դարը: Մենք պարտավոր ենք ավելի միասնական ու համերաշխ լինել, որպեսզի իբրեւ պետություն ու ժողովուրդ ավելի ազդեցիկ դիրքերից, ավելի զորեղացած կարողանանք հասնել պատմական արդարության վերականգնմանը: Որպես ժողովուրդ` հաջողության կարող ենք հասնել այն դեպքում, երբ միմյանց հանդեպ լինենք հարգալից, հանդուրժող ու համբերատար, հոգատար ու արձագանքող, ապրենք առանց չարության ու թշնամանքի:

Սիրելի հայրենակիցներ,

շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ ծննդյան գալիք տոների առթիվ, շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր գտնվելով կամ բնակվելով Հայաստանից դուրս` երբեք չեն մոռանում հայրենիքի մասին:

Ի սրտե մաղթում եմ, որ յուրաքանչյուրն իր գործում հասնի հաջողության, որ յուրաքանչյուր ընտանիքում բարեկեցություն եւ ջերմություն լինի, որ ուրախությունը մշտապես այցելի ձեր օջախներ: Թող 2015 թվականը մեր ժողովրդին ու երկրին բերի հաջողություն, սեր, փոխըմբռնում եւ բազում երջանիկ օրեր:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: