04-10-2016 14:02

Հայաստանում կանխվել է շուրջ 57 կիլոգրամ մետաղական սնդիկի ապօրինի վաճառք

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն և պլանավորել են այն վաճառել Երևան քաղաքում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում:

Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160.000 ԱՄՆ դոլար գումար:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև իրացնելու կապակցությամբ (ՀՀ քր. օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ», – նշվում է հաղորդագրության մեջ: