Բավ է պառակտվել
17-07-2016 12:35

Էրեբունիի գրավված ոստիկանության շենքից երկու պատանդ է ազատ արձակվել

Ազգային անվտանգության ծառայությունը փոխանցում է որ այսօր երկու պատանդ ազատ է արձակվել Երևանի Էրեբունի թաղամասի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում:

«Մի խումբ զինված անձինք պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

Մեկ ոստիկան զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել: Ապօրինաբար արգելափակված տարածքում գտնվող զինված անձանց հանցավոր գործողությունների կասեցմանն ու խափանմանն ուղղված միջոցառումների շրջանակներում հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ազատ է արձակվել երկու պատանդ», - ասված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ իրենք ապստամբություն են սկսել և ոստիկանական շենք գրավել: Ավետիսյանը նաև հայտարարել է, որ ոստիկանությունը դիպուկահարներ է տեղակայել հարակից շենքերի տանիքներին և փորձել է գրոհել իրենց դիրքերը, ինչի հետևանքով կան վիրավորներ:

Ոստիկանական շենքը գրաված ՀԽ անդամները պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին: Նրանք նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ են ներկայացնում: