Բավ է պառակտվել
28-04-2016 09:21

ԵՏՄ երկրներում զբոսաշրջային տարածք ստեղծելու հարցը կքննարկվի Երևանում

Երևանում նախատեսված գիտաժողովի ընթացքում կքննարկվեն ԵՏՄ–ում ոչ արժութային զբոսաշրջային տարածք ստեղծելու և պատմամշակութային ժառանգությունը պահպանելու հարցերը

ԵՏՄ ազգերի միասնության մշակութային, գիտական և պատմական ասպեկտներ-գործոնները» թեմայով միջազգային երիտասարդական համաժողովը կմեկնարկի Երևանում։ Այս մասին հայտնում են գիտաժողովի կազմակերպիչները։

Գիտաժողովին կմասնակցեն գիտության, մշակույթի, զբոսաշրջության, կրթության և երիտասարդական քաղաքականության ոլորտի երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչները Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից։

«Գիտաժողովի ընթացքում կքննարկվեն միջպետական համագործակցությանն ու երիտասարդական ու գիտական զբոսաշրջության զարգացմանն ուղղված համաձայնեցված գործողությունների և ԵՏՄ տարածքում պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված հարցերը, ինչպես նաև կուսումնասիրվի ԵՏՄ երկրների տարածքում ոչ արժութային միասնական երիտասարդական զբոսաշրջային տարածքի ստեղծման հնարավորությունը», — ասաց Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի` Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը։

Նրա խոսքով` գիտաժողովի շրջանակում կքննարկվեն նաև երիտասարդության ինտեգրման ներուժի խնդիրները, ԵՏՄ երկրների պատմության, գիտության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության զարգացման միտումները միասնական ժամանակակից տնտեսական տարածաշրջանի շրջանակում։ Նա նշել է, որ գիտաժողովի ընթացքում ոչ միայն մարդասիրական, այլև տնտեսական (փոքր և միջին բիզնես, մաքսային գործ) ուղղվածության հարցեր կքննարկվեն։

Գիտաժողովի աշխատանքին կմասնակցեն նաև Հնդկաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հնարավոր է նաև միջոցառմանը մասնակցեն Իրանի և Չինաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Գիտաժողովի կազմակերպիչներն են «Պատմության և միասնության պահպանման աջակցման համախոհների միությունը» (Պատմություն և Միաբանություն), Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը և Տուրիզմի հայկական ինստիտուտը։

Գիտաժողովը կտևի ապրիլի 28-ից մայիսի 1-ը։