10-09-2016 11:20

Ոստիկանության մայորը վրաերթի է ենթարկել տարեց մարդու. հետիոտնը մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վահե Կիրակոսյանը Սեբաստիա փողոցում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա Վլադիմիր Կույնեցիին։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, այնուհետև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վրաերթի ենթարկվածը, սակայն, մահացել է մինչև շտապօգնության բրիգադի ժամանելը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը, ժամանել են նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Հետիոտնը փողոցն անցնելիս է եղել թույլատրելի հատվածով, իսկ վարորդ Վ. Կիրակոսյանն աշխատում է ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանության վաշտի 2-րդ դասակում՝ որպես հրամանատար, կոչումով մայոր է։

Տեղում կատարված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վարորդը գտնվում է ոչ ստափ վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, որը հանգեցրել է մարդու մահվան) հատկանիշով։