Բավ է պառակտվել
27-11-2015 11:45

Հանցախմբի անդամներից մեկը Հանրային հեռուստաընկերության աշխատակից էր

ՀՀ ԱԱԾ-ի կողմից նոյեմբերի 25-ին վնասազերծված ենթադրյալ հանցախմբի անդամներից մեկը՝ Արման Հայրապետյանը, վերջին 10 ամիսների ընթացքում աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ Այս մասին հայտնեց հեռուստաընկերության PR մենեջեր Արուսյակ Զախարյանը։  Հ1-ը PR մենեջերի խոսքով՝ Արման Հայրապետյանն աշխատել է որպես արբանյակային հեռուստացանցի համակարգող, եղել է հերթափոխային ռեժիմով աշխատակից, ունեցել է շաբաթը մեկ հերթափոխ: Այն հարցին, թե այս միջադեպից հետո արդյո՞ք խստացվել են անվտանգության միջոցները, նա պատասխանեց. «Հեռուստատեսությունում անվտանգությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել։ Պարզապես հիմա ավելի զգոն ենք»։ Արուսյակ Զախարյանը նշեց, որ այժմ հեռուստաընկերությունը հետևում է իրավական գործընթացներին։ «Կարծում ենք, որ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննության արդյունքում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ Արման Հայրապետյանի առնչությունը դրան»,-ասաց Զախարյանը։ Նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25-ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Կասկածյալների ընդհանուր թիվը 19-ն է, երեկվանից մայրաքաղաքում, Շիրակում և Կոտայքում զինված հսկողություն են իրականացնում իրավապահները` ենթադրաբար մյուս կասկածյալներին գտնելու նպատակով։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: