Բավ է պառակտվել
13-01-2015 18:14

Գյումրիի միջադեպի հետևանքով վիրավոր երեխայի առողջական վիճակը բարելավվում է. ԱՆ

Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Բժշկական կենտրոնում հրավիրված երկրորդ բժշկական կոնսիլիումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ դրական տեղաշարժ են ապահովել կատարված բոլոր միջոցառումները` բժշկական միջամտությունները և հետազոտությունները: «Երեկոյան դրական տեղաշարժը ավելի նկատելի կլինի: Ժամանակի խնդիր է: Փոքրիկի առողջական վիճակը մեր հսկողության ներքո է: Երեխան պետք է ապրի»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ մասնագետները ճշգրիտ են գնահատել փոքրիկի հետշոկային վիճակի հետևանքով առաջացած խնդիրները, ինչպես նաև մշակել, հստակեցրել են նրա բուժման համար անհրաժեշտ միջոցառումները:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշեց, որ բժիշկներն ամեն ժամ և վայրկյան կատարում են իրավիճակի վերլուծություն, որը հնարավորություն կտա ապագայում կատարել առողջական վիճակի վերաբերյալ կանխատեսումներ: «Դեռևս երկարաժամկետ կանխատեսումներ անելը վաղ է, սակայն Գյումրիի Ավստրիական բժշկական կենտրոնում ցուցաբերվել է անհրաժշետ բժշկական օգնություն»,- հայտնեց Դալլաքյանը: Նա նշեց, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների մասնակցությամբ անցկացված կոնսիլիումի ընթացքում վերլուծվել են բոլոր հետազոտությունները, տրվել են մասնագիտական գնահատականներ` հետագա աշխատանքները և բուժումը առավել արդյունավետ շարունակելու համար: