Բավ է պառակտվել
18-12-2015 16:01

Տավուշում ականի պայթյունից տուժածների վիճակը ծանր կայուն է

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի եկեղեցու հարևանությամբ ականի պայթյունի հետևանքով երկու վիրավորների առողջական վիճակը ծանր կայուն է, նրանք անգիտակից վիճակում են. այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի սոցապ և առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանը:
Ըստ նրա՝ Բաղանիս համայնքի տուժած բնակիչներից մեկը գտնվում է Նոյեմբերյանի, մյուսը՝ Իջևանի բժշկական կենտրոնում:
«Իջևանի ԲԿ տեղափոխված Արտավազդ Կարապետյանի ձախ ոտքի և ձախ ձեռքի մասնակի ամպուտացիա է կատարվել: Մեկ ժամ առաջ հիվանդը դեռ վիրահատարանում էր, վիճակը կանոնավոր էր: Իսկ Նոյեմբերյանի ԲԿ-ում գտնվող Արշակ Սահակյանի աջ ոտքի մասնակի ամպուտացիա է կատարվել և աջ ոտքի ազդոսկրի բեկորային կոտրվածք է եղել, որը կարգավորվել է»,-ասաց նա:
Հարցին, թե տուժածների կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, Նարեկ Վանեսյանը նշեց, թե հարաբերական է ասել, սպառնում է, թե ոչ. «Հաշվի առեք, որ ականի վրա պայթել են, այս պահին երկուսն էլ կայուն ծանր վիճակում են, երկուսն էլ ոտք են կորցրել, մեկը ձեռք, արյան մեծ քանակություն են կորցրել: Քաղաքացիները արյուն են հանձնել, որպեսզի փոխներարկում կատարվի, այնպես որ այս պահին չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ այնքան ծանր է եղել վիճակը, որ Իջևանի ԲԿ-ում երկու բրիգադ է աշխատել»,- ասաց նա: