Բավ է պառակտվել
10-11-2016 07:03

Կայանալու է Վալերի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքի քննությունը

Նոյեմբերի 10-ին, ժամը 12:00-ին կայանալու է ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ կապված առաջին ատյանի դատարանի որոշման հետ: Այն վերաբերում է ապօրինի սահմանահատման փորձի մասին մեղադրանքին:

Ավելի վաղ պաշտպանական խոսքում փաստաբանը նշել էր, որ մեղադրյալն իրեն մեղավոր է ճանաչել սպանության մեջ, եւ հաշվի առնելով, որ փաստաբանը չի կարող դեմ հանդես գալ իր պաշտպանյալի կամքին՝ իր ելույթում Էդուարդ Աղաջանյանը շրջանցել է մեղադրանքի այս հատվածը: Սակայն պաշտպանը պնդել է ապօրինի սահմանահատման փորձի մասով իր պաշտպանյալի անմեղության հարցում:

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Վալերի Պերմյակովին մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանություն, ավազակային հարձակում, սահմանն ապօրինաբար հատելու փորձ: Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Ողբերգությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին: Մեղադրական եզրակացության համաձայն՝ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել է Ավետիսյանների ընտանիքի տուն եւ գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին եւ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետեւ նա դանակահարել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել է: Իր գործողությունները Պերմյակովը բացատրել է այն հանգամանքով, որ ցանկացել է տուն հասնել: Նա ինքնակամ լքել է զորամասը՝ իր հետ ավտոմատ տանելով: Թափառելով գիշերային Գյումրիով՝ նա ցանկացել է խմել, կոտրել է պատուհանի ապակին եւ մտել Ավետիսյանների տուն: Աղմուկից արթնացած Աիդա Ավետիսյանը սկսել է բղավել: Պերմյակովի հավաստմամբ՝ ինքը վախեցել ու սկսել է կրակել: Ընդ որում, հարեւաններից ոչ ոք կրակոցների ձայներ չի լսել: Գնդակահարելով ընտանիքին՝ Վալերի Պերմյակովը փոխել է հագուստը եւ փախուստի դիմել՝ տանից տանելով մի քիչ գումար եւ սպանվածների բջջային հեռախոսները: Միաժամանակ, անուն-ազգանվամբ համազգեստն ու հրազենը նա Ավետիսյանների տանն է թողել: Պերմյակովին ռուսաստանցի սահմանապահը հայտնաբերել է «Բայանդուր» ուղեկալի տարածքում:

2015 թվականի օգոստոսի 12-ին Վալերի Պերմյակովը դասալքության համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում: