Բավ է պառակտվել
02-05-2016 14:02

Ավտոբուսի վթարից տուժածների վիճակը բարելավվում է, հղի կինը դուրս է գրվում

Երևանում ավտոբուսի պայթյունից տուժած, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժվող 37-ամյա հղի կինը մայիսի 2-ին դուրս կգրվի բժշկական հաստատությունից: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի վիճակը գնահատվում է լավ:
Տնային պայմաններում ևս կշարունակվեն նեղ մասնագիտական խորհրդատվությունները:
Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը կայուն է, գրանցվում է դրական տեղաշարժ: Բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` շարունակվում է բազմապրոֆիլային բուժումը:
Շաբաթվա երկրորդ կեսին կքննարկվի տղաներին հիվանդասենյակ տեղափոխելու հնարավորությունը:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժումը շարունակում է պայթյունից տուժած 3 քաղաքացի:
Նրանց վիճակը բժիշկների գնահատմամբ բավարար է: Առաջիկա օրերին քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքում գտնվող երկու քաղաքացին, որոնք թմբկաթաղանթի վնասվածքներ էին ստացել կվիրահատվեն:
Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ապրիլի 25-ին ավտոբոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացած երկրորդ անձի ինքնությունը. նա ՀՀ քաղաքացի, 55-ամյա Ռուբեն Բալյանն է։ Վերջինս այն անձն է, ում բջջային հեռախոսային քարտը հայտնաբերվել էր դեպքի վայրում կատարված զննությամբ և նույնականացման համար նշանակվել էր ԴՆԹ փորձաքննություն:
Ավելի վաղ, դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել էր, որ քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականների հանդեպ և նախապատրաստվել է պայթեցման եղանակով նրանց վնասել: