Բավ է պառակտվել
18-10-2014 15:52

Տտարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել տարածաշրջան հոկտեմբերի 14-ից 18-ը կատարած այցի արդյունքներով:
Ինչպես նշվում է ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ, Ռուսաստանից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ այցելել են տարածաշրջան պետական պաշտոնյաների հետ հանդիպելու և հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը մասնակցելու համար:
Այցի շրջանակում համանախագահներին է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի կարողացել այցելել տարածաշրջան անձնական պատճառներով, բայց այցի ընթացքում ամերիկյան կողմը ներկայացված է եղել։
Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Երևանում համանախագահները խորհրդակցություններ են ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երկու մայրաքաղաքներում համանախագահները քննարկել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այս ամիս Փարիզում նախատեսվող գագաթաժողովի պատրաստությունները:
Համանախագահները հիշել են Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումները և նշել, որ շփման գծի և սահմանի երկայնքով իրավիճակը կայունացել է այս ամառ նկատված լարվածության աճից հետո: Նրանք նաև հույս են հայտնել, որ հրադադարի խախտման վերջին դեպքերն ինտենսիվ բնույթ չեն կրի:
Նախագահների հետ հանդիպումից բացի, համանախագահները մասնակցել են հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելությանը: Սահմանի երկու կողմերում նրանք հանդիպել են տեղի պաշտոնյաների և հրամանատարների հետ՝ անվտանգության պայմանների մասին տեղեկություններ ստանալու համար: 
Համանախագահները կոչ են արել կողմերին քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունը կանխելու համար: