Բավ է պառակտվել
01-03-2015 10:19

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 7 տարի

Ուղիղ 7 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր տեսակի վնասվածքներ ստացան: 10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: Հայաստանում տեղի ունեցան զանգվածային ձերբակալություններ ու կալանավորումներ: