Բավ է պառակտվել
25-07-2016 13:11

ԱԱԾ-ն կոչով դիմել է ՊՊԾ գնդում գտնվողներին

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք խուժած զինված խմբի անդամներին հուլիսի 25¬ին կոչ է հղել` այն հասանելի դարձնելով նրանց: Այն հրապարակել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Կոչում նշվում է, որ հուլիսի 17- ից մինչև այսօր գնդի տարածք մուտք գործածները կատարել են մի քանի հանցագործություններ, որոնց համար նրանց կարող է սպառնալ մինչև 15 տարի ազատազրկում: Սակայն նրանք ժամանակ ունեն շտկելու իրավիճակը, կամովին հանձնվելու: Զինված խմբի բոլոր անդամներին մեկ անգամ ևս հորդորել են դրսևորել ողջամտություն և վայր դնել զենքն ու հանձնվել իշխանություններին: «Դուք դրա համար դեռ ժամանակ ունեք: Այս առաջարկն ընդունողները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

Դուրս գալ անցագրային կետից

Զենքը պահել գլխավերևում և թեքվելով աջ առաջանալ 50 մետր

Շինանյութի խանութի հարակից տարածքում տեղադրված հովանոցների մոտ վայր դնել բոլոր զենքերը

Ճանապարհի կենտրոնական մասով առանձին-առանձին մոտենալ ոստիկանության ծառայողներին»,-նշված է կոչում: