22-08-2016 12:33

Վրաստանում փորձել են պայթեցնել Ռուսաստան–Հայաստան գազատարը

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը կանխել է երկրի տարածքում «գազատարի պայթեցման փորձը, որով բնական գազը Ռուսաստանից մատակարարվում է Հայաստան»։ Այս մասին նշվում է գերատեսչության հրապարակած հաղորդագրության մեջ:

Նրա տվյալներով, «օպերատիվ–քննչական միջոցառումների արդյունքում ահաբեկչություն կազմակերպելու նպատակով հրազենի, ռազմամթերքի և պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով օգոստոսի 20–ին ձերբակալվել է Վրաստանի հինգ քաղաքացի»։

Ինչպես նշել են հատուկ ծառայությունում, «ձերբակալվածները պատրաստվում էին Սագուրամո գյուղի (Թբիլիսիից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ) մոտակայքում իրականացնել գազամուղի բաց հատվածի պայթեցում, որով բնական գազը ՌԴ-ից մատակարարվում է Հայաստան»: