17-09-2016 15:14

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին

Քննչական կոմիտեն մանրամասներ է հաղորդել նախօրեին ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի մասին:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Արշալույս գյուղի բնակիչ Արամ Գրիգորյանից հաղորդում է ստացվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին` Զվարթնոց թաղամասի գերեզմանատան հատվածում, «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահից ատրճանակով կրակել են «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ գտնվել են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ նրա եղբայր Արման Գրիգորյանը, ապա դիմել փախուստի: Ըստ հաղորդման՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայի սրահում, որտեղից արձակվել են կրակոցները, գտնվել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։

Դիմումատուն նաեւ հայտնել է, որ հետապնդել են «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենային, որին միացել է նաեւ Ա.Գրիգորյանի վարած «Տոյոտա քեմրի» մակնիշի ավտոմեքենան, հարվածել «Վազ 21-06» ավտոմեքենային, կանգնեցրել, սկսվել է քաշքշուկ, որի ժամանակ վերցրել են ատրճանակը, որով կրակոց է արձակվել «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ քաղաքացու ներկայացրած հաղորդումն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Էջմիածին քաղաքի Կամո փողոցի վերջնամասում` Կամո-Մաշտոց փողոցների խաչմերուկի հարեւանությամբ, հայտնաբերվել են բախման հետեւանքով տարբեր հատվածներում վնասված թվով 3 ավտոմեքենա։

Զննությամբ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու նպատակով ավտոմեքենաների սրահների տարբեր հատվածներից բինտե խծուծներով վերցվել են քսուքներ, որոնք առանձին փաթեթավորվել են:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9մմ տրամաչափի պարկուճ:

Բացի այդ, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ նշելով, որ կրակոցներն արձակվել են հիշյալ ատրճանակից:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Նախաքննական մարմինը սեպտեմբերի 17-ին տեղեկացվել է, որ Ա.Թումանյանը եւ նրա կողմնակիցը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ըստ բժիշկների հայտարարության՝ Ա.Թումանյանն առայժմ ի վիճակի չէ ցուցմունք տալու, մյուս տուժածի հարցաքննությունը դեպքի վերաբերյալ շարունակվում է, ով ներկայացրել է այլ վարկած։

Քննությամբ պարզված հանգամանքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։