25-02-2014 13:00

Երևանում սկսվել են վթարային շենքերի ապամոնտաժման աշխատանքները

Երեւանում 4-րդ կարգի վթարայնության, նախկինում բնակելի 2 շինությունների քանդման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Մասնավորապես, Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքը, որը նախկինում բնակեցված հանրակացարանային շենք էր, ամբողջությամբ կապամոնտաժվի 2 շաբաթում: Այս մասին հայտնել է քանդումն իրականացնող ընկերության տնօրեն Էդիկ Վարդանյանը, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Վտանգ ներկայացնող հնարավոր ինքնափլուզումը կանխելու նպատակով այս շինության ապամոնտաժումն առաջնային դիտվեց։ Հաշվի առնելով շենքի վթարայնության կարգն ու ապամոնտաժելիս վտանգի աստիճանը՝ մեր աշխատակիցներն այն քանդում են զգուշավորության կաննոները խստագույնս պահպանելով. հետեւաբար, չնայած շինության ոչ մեծ ծավալներին, դեռեւս երկու շաբաթ կտեւեն աշխատանքները»,- նշել է Էդիկ Վարդանյանը։

Նշենք, որ Արցախի 4-րդ նրբանցքի 10 շենքի՝ նախկինում հանրակացարանային շենքի՝ փաստաթղթային հիմնավորում ունեցող բոլոր փաստացի բնակիչներին Երեւանի քաղաքապետարանը վերաբնակեցրել է 2013 թվականին, իսկ այն բնակիչների հարցը, ովքեր շենքի վթարայնությանից ելնելով մինչ վերաբնակեցումը ժամանակավոր բնակություն էին հաստատել այլ հասցեներում, քաղաքապետարանը կլուծի 2015 թվականին։

Ապամոնտաժվում է նաեւ Մարգարյան 45 հասցեում գտնվող վթարային շենքը, որի տեղում նոր բազմաբնակարան շենք է կառուցվելու՝ շուրջ 120 բնակարաններով, եւ տրամադրվելու է Երեւանում գտնվող բարձր վթարայնության այլ շենքերի բնակիչներին որպես փոխհատուցում՝ ըստ հերթագրման ցուցակի։ Մարգարյան 45 շենքի բնակիչներին եւս քաղաքապետարանը որպես փոխհատուցում տրամադրել է բնակարաններ։

Վթարային բազմաբնակարանն ապամոնտաժելուց անմիջապես հետո շենքի տարածքում սկսվելու են նոր շենքի շինմոնտաժային աշխատանքները։