Բավ է պառակտվել
13-08-2016 16:03

Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը

Այսօր մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել, այս մասին  հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Պատասխանելով հարցին, թե ո՞րն էր ոստիկանի մահվան պատճառը, Առողջապահության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Անահիտ Հայթայանը հիշեցրեց, որ ոստիկանը բազմաթիվ հրազենային վիրավորումներ ուներ, վնասված ներքին օրգաններ: «Ի սկզբանե իր վերքերն անհամատեղելի էին կյանքի հետ»,- ասաց Անահիտ Հայթայանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր է: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ ու ներքին արյունահոսությամբ:

Հիշեցնենք, որ հուլիսյան դեպքերի ժամանակ զոհվել էին Ոստիկանության ևս երկու սպա՝ գնդապետ Արթուր Վանոյանը, ով սպանվել էր հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, և Յուրի Տեփանոսյանը, ով մահացել էր դիպուկահարից արձակված կրակոցից: