18-10-2017 12:26

Մահացել է հայ հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Մոսկվայում կյանքից հեռացել է հայ հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այդ մասին իր Twitter-յան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակ, օրինակելի հայրենասեր և բարերար Լևոն Հայրապետյանը։ Թող հողը թեթև լինի։ Երբեք չենք մոռանա Լևոն Գուրգենիչին և նրա ժառանգությունը»,- գրել է խոսնակը:
Լրագրող Վահե Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում ևս հիշատակել է այս ցավալի լուրի մասին.
««Ինձ ծնողներիս կողքին հուղարկավորեք...»՝ սա էր Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունը: Նա կյանքից հեռացավ այսօր առավոտյան: Ընդամենը 68 տարեկան էր»,- գրել է լրագրողը:
Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ. Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:
Մի շարք հրատարակչություններում՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»-յում, «Սոբեսեդնիկ»-ում, ինչպես նաև «Սովրեմեննիկ» հրատարակչական տանն իբրև լրագրող աշխատելուց հետո նա սկսեց զբաղվել բիզնեսով:
Հայրապետյանը հետխորհրդային շրջանի հայ ամենախոշոր բարերարներից էր: Նա հիմնել է «Լևոն Հայրոպետյան» հիմնադրամը, որն աջակցություն է ցուցաբերում երիտասարդ ընտանիքներին, եղել է աշխարհասփայուռ հայ համայնքի տասը ամենահարուստ ներկայացուցիչներից մեկը, համարվում է Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ ամենախոշոր ներդրողներից մեկը:
Նրա նախագծերն իրականացվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի ջանքերով 2000–2002 թվականներին վերակառուցվել է Գանձասար (13-րդ դար) վանական համալիրը, որը մերօրյա Ղարաբաղի ամենաբարեկարգ սրբավայրերից մեկն է։
Մեծ գումարներ են ներդրվել նաև վանական համալիրի մոտ գտնվող Վանք գյուղի ենթակառուցվածքների զարգացման համար. կառուցվել է ժամանակակից փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Հայրապետյանն իր վրա էր վերցրել նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու՝ Գանձասար վանական համալիրի մոտակայքով անցնող հատվածի շինարարության ծախսերը։
2007 թ. նա ֆինանսավորել է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Խաչեն գետի վրայի 2,5 մլն քմ տարողությամբ ջրամբարի կառուցումը: 26 մետր բարձրությամբ միայն մեկ ամբարտակի կառուցումը բարերարի համար արժեցել է 7 մլն դոլար։
2008թ. նա դարձավ «Արցախյան մեծ հարսանիքի» նախաձեռնողն ու հովանավորը: Այդ աննախադեպ արարողության ժամանակ պսակադրվեց 675 զույգ։ Հանդիսությանը մասնակցում էր 700 զույգ: Դա իրականություն դարձնելու նպատակով « Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց կենտրոնական Վերածնունդ հրապարակից դեպի Ստեփանակերտի կենտրնական մարզադաշտ տանող սանդուղքների վերանորոգում:
2012 թ. Լևոն Հայրապետյանը նախաձեռնել և ֆինանսավորել է Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում ռազմական ուսումնարանի կառուցումը, որտեղ կտեղակայվի նաև գործող ռազմական գիմնազիան։
2008 թ. Արցախի Հանրապետության նախագահի կողմից Հայրապետյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ ԼՂՀ տնտեսության զարգացման գործում նշանակալի ներդրման համար։
Կյանքի վերջին տարիներին Հայրապետյանը ներքաշվել էր դատական քաշքշուկների մեջ` հափշտակության գործով։ 2014 թ. հուլիսի 15–ին Հայրապետյանը ձերբակալվել էր ԱԴԾ–ի աշխատակիցների կողմից՝ Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման կասկածանքով։ Նա կալանավորվել էր, ավելի ուշ նրա նկատմամբ կիրառել էր տնային կալանք։
2016 թ. Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը գործարարին մեղավոր էր ճանաչել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից` Թամարա Իզմեստևայից 700 հազ. դոլար հափշտակելու համար և դատապարտել չորս տարվա ազատազրկման։ Դատարանը տուժողի օգտին Հայրապետյանից առգրավել էր նաև 20.850 մլն ռուբլի։
Քննությունն ու դատարանը պարզել էին, որ գործարարը փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին Թամարա Իզմեստևայից վերցրել էր 700 հազ. ռուբլի՝ որդու դատավճիռը մեղմելու հարցում աջակցության դիմաց, սակայն դատավճռի վրա էական ազդեցություն գործել չէր կարող։
Ավելի ուշ պաշտպանությունը բողոքարկել էր դատավճիռը և խնդրել էր արդարացնել Հայրապետյանին։ Բացի այդ, հաղորդվել էր, որ նա տառապում է մի շարք հիվանդություններով։ Նա տեղափոխվել էր «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի հիվանդանոց։ Սակայն 2016 թ. հունիսին Մոսկվայի քաղաքային դատարանն օրինական էր ճանանչել Հայրապետյանի նկատմամբ կայացված դատավճիռը։