Բավ է պառակտվել
13-12-2016 18:37

Մահացել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը

Այսօր 56 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Երիցյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ։

Արմեն Երիցյանը ծնվել է 1960 թ.–ի դեկտեմբերի 25–ին Երևանում։

1978 թ.–ին ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց։ 1984-1986 թթ. –ին սովորել է ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցում, 1987-1990 թթ. –ին` ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետում։

1996 թ. –ին Արմեն Երիցյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ 1996-1999թթ. –ին սովորել է ՌԴ նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայում (դոկտորանտուրա)։

1982-2010 թթ.–ն աշխատել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։

2010-2014 թթ.- ին Արմեն Երիցյանը զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ 2014-2016 թթ. –ին եղել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար։

ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով Արմեն Երիցյանը վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով Արմեն Երիցյանը պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Արմեն Երիցյանը պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով, 2009 թ.–ին ՀՀ վարչապետի հուշամեդալով և 2012 թ.–ին ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:

Արմեն Երիցյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է: 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է:

Արմեն Երիցյանը դասավանդում էր Երևանի պետական համալսարանում:

Արմեն Երիցյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա, երեք թոռնիկ: