Բավ է պառակտվել
13-05-2015 10:02

ՀՀ Քննչական կոմիտեն հարկադիր բերման կենթարկի Սյունիքի մարզպետի որդուն

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ որոշում է կայացվել՝ օրենքով սահմանված կարգով հարցաքննության չներկայացած անձանց, նրանց թվում՝ Տիգրան Խաչատրյանին, հարկադիր բերման ենթարկելու մասին։ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ, շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարության աստիճանը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Հարցաքննվել են ավելի քան մեկ տասնյակ անձ, նրանց թվում՝ գործով տուժող ճանաչված Հ.Զաքարյանը, նրա ծնողները, եղբայրները։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ հնարավոր ականատես վկաների, միջադեպին մասնակցած անձանց իրական շրջանակը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների հիման վրա՝ ծանուցագրեր են ուղարկվել տարբեր անձանց՝ հարցաքննության ներկայանալու։