Բավ է պառակտվել
21-09-2016 07:22

ՀՀ ՔԿ–ն ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածուի որդու մահվան մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` 26–ամյա Արշակ Գրիգորյանի մահվան մանրամասները, ով, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել։

«Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է ակտիվ քննչական գործողություններ Արշակ Գրիգորյանի՝ ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ Մշակվել են մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ հանձնարարականներ են տրվել նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին», – տեղեկացրեл է ՔԿ ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նրա խոսքով` նախնական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանությունը կատարվել է Գրիգորյանի առանձնատան նկուղում։

«Այդ ժամանակ տան բակում են գտնվել ընտանիքի անդամները (մայրը, եղբոր կինը, մեկ այլ ազգական), ովքեր էլ հայտնաբերել են նրան՝ հրազենային վնասվածքով և անմիջապես տեղափոխել բժշկական կենտրոն, սակայն գլխի շրջանում ստացած միջանցիկ հրազենային վնասվածքը եղել է մահացու։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և գնդակ», – հայտնեց Տռուզյանը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դատաձգաբանական, դատամատնադրոշմային, դատագենետիկական, դատակենսաբանական։

Գյումրու քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2–ին համամասնական համակարգով։ Ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն։ Ըստ ՀՀ օրենսգրքի` հաղթած կուսակցության ցուցակի «առաջին համարը» ավտոմատ կերպով դառնում է քաղաքապետ։

Վարդևան Գրիգորյանը գլխավորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը։ 2014 թ.–ի ամռանը սպանվել էր Գրիգորյանի եղբայրը։ Քննության տվյալներով` նա սպանվել էր խանդի հողի վրա։