Բավ է պառակտվել
22-12-2015 13:58

Սահմանին տիրող իրավիճակը կարելի է որակել «պատերազմ» բառով. ՊՆ

Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը կարելի է բնութագրել միայն որպես պատերազմ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ «Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ և չկա որևէ փորձագետ կամ վերլուծաբան, ով իրավիճակը չի գնահատում որպես ռազմական։ Սա պատերազմ է, և այլևս հնարավոր չէ խոսել հրադադարի ռեժիմի խախտման մասին, քանի որ այն գոյություն չունի», – ասաց Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերի գործողությունների տրամաբանությանը, ապա, նրա խոսքով, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ, որոնք ձախողում են հակառակորդի լուրջ ծրագրերն ու խնդիրները։ «Նրանք փորձում են դիմել լուրջ գործողությունների, կանոնավոր կերպով ավելացնում են կիրառվող սպառազինության տրամաչափը` հասնելով ընդհուպ մինչև տանկերի և հաուբիցների օգտագործման, քանի որ նախորդ միջոցներով, չնայած հայկական կողմի կրած կորուստներին, նրանք արդյունքի չէին հասնում։ Նրանց գործողությունները դատապարտված են ձախողման և բախվում են ավելի հզոր հակահարվածի հետ», – ասաց Հովհաննիսյանը։ Նա ընդգծեց, որ ադրբեջանցի զինվորականների գլխավոր նպատակը հայկական դիրքեր ներթափանցելն ու նոր սահմանագծերի ամրապնդումն է։ Միաժամանակ մամուլի քարտուղարը հիշեցրեց, որ 2008 թ.–ին հակառակորդին հաջողվել է ընդամենը կարճ ժամանակով գրավել հենակետերից մեկը, սակայն հետագայում նա ետ է շպրտվել։ «Մինչ օրս նրանց չի հաջողվում հասնել հաջողության, նրանք կրում են կորուստներ և նահանջում ելման դիրքեր` չլուծելով իրենց առջև դրված խնդիրները։ Մենք ունեցել ենք զոհեր, սակայն մեր զինծառայողներից ոչ մեկը չի հեռացել իր դիրքից», – ասաց Հովհաննիսյանը։