Բավ է պառակտվել
06-07-2016 14:58

Ռուսաց լեզվի վիճակը շատ վատ է ՀՀ-ում.ՀՀ ԿԳՆ

Ռուսաց լեզվի վիճակը շատ վատ է Հայաստանում. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով բուհական ընդունելության քննությունների առաջին փուլի ավարտին:

«Իսկապես ռուսերենի դիմորդների թիվը շատ քիչ է և նաև առաջին փուլի տվյալներով, եթե չեմ սխալվում, մոտ 30%-n անբավարար է ստացել: Դա նախ՝ դպրոցի մակարդակի մասին է խոսում և երկրորդը՝ թեստերը պետք է փորձենք: Բոլոր մեր ԳԹԿ մասնագետներն ասում են, որ թեստերը հնարավորինս պարզեցված են, այսինքն՝ այնքան հեշտ է ներքևի շեմը հաղթահարել, որ դրանից ներքև պարզեցումն ուղղակի կվնասի»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ նիստ են անցկացրել և ամփոփել առաջին քննական փուլը և եզրակացրել, որ նույն տվյալներն են, ինչ մոտավորապես երկու տարի առաջ էր:

«Այս տարի մի քիչ լավ վիճակ է ֆիզիկա մասնագիտության ոլորտում, բայց շատ մտահոգիչ է բնագիտության ճակատագրի խնդիրը: Խոսեցինք ռեկտորների հետ, եթե ԵՊՀ կենսաբանության մասնագիտության ուղղությամբ կան խնդիրներ, պատկերացնո՞ւմ եք, թե դա արդեն ուր է հասնում»,- ասաց նա և նշեց, թե պետք է հատուկ հանձնախումբ ձևավորել, որը կզբաղվի բնագիտական առարկաների զարգացման և պահպանման հայեցակարգով՝ նախադպրոցական մասնագիտությունից մինչև բուհական կրթություն:

«Բուհերն որոշակի դժվարություններ ունեն բնական աճի հետ կապված, այս մասին ևս խոսվեց, բայց ընդհանուր ամփոփումը մենք դեռ կունենանք»,- ասաց նա:

Հարցին, թե հաշվի առնելով, որ հայերենի միջին միավորները շատ ավելի ցածր են գալիս, քան օտար լեզուների, արդյոք վերանայման կարիք չունի համակարգը, նախարարը պատասխանեց, թե երբ ամփոփեն, խոստանում է նշված բնույթի խնդիրներին ևս անդրադառնալ: