Բավ է պառակտվել
15-05-2014 17:54

"Կազա" շվեյցարական մարդասիրական հիմնադրամը օգնություն է ցուցաբերում Հայաստան տեղափոխված սիրիահայերին

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ֆինանսավորմամբ "Կազա" շվեյցարական մարդասիրական հիմնադրամն իրականացնում է "Որդեգրիր ընտանիք" ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ծվարած սիրիահայ, մասնավորապես քեսաբահայ ընտանիքներին ինտեգրել մեր հասարակությանը, հաղորդել է Gisher.news.am-ին ծրագրի համակարգող Մարինե Թունյանը:

"Մշակութային տարբեր վայրեր համատեղ այցերով, ճաշեր, ընթրիքներ և կամ փորձելու ենք առաջին անհրաժեշտության օգնությունը ցուցաբերել ցանկացած ժամանակ, , այսինքն` մարդիկ, որոնք նոր են ժամանել, կարողանան Հայաստանում իրենց զգալ ինչպես իրենց տանը", - ասել է Մարինե Թունյանը:
Ծրագիրը մեկնարկել է ապրիլի 26-ին և արդեն 13 ընտանիքներ հյուրընկալվել են հայկական օջախներում: Նախատեսվում է մինչև տարեվերջ ծրագրում ընդգրկել 45 նման ընտանիք, ասում է համակարգող Մարինե Թունյանը:

Քեսաբահայերին հյուրընկալողները «Կազա» հիմնադրամում ընդգրկված կամավորներն են: 22-ամյա Լուսինե Գրիգորյանը նրանցից մեկն է, ով ծրագրի բացման օրն է ծանոթացել դեռ երեք ամիս առաջ Հալեպից Հայաստանում հաստատված ընտանիքի հետ։ Լուսինեն ընտրել է բազմանդամ ընտանիք` 6 հոգուց բաղկացած: Հիմանական կապն էլ ընտանիքի իր հասակակցի` Ֆլորայի հետ է: "Մենք նախատեսում ենք շրջայց կատարել Երևանում և այնտեղ, որտեղ իրենք ապրում են` Կոմիտասում, և ես ցույց կտամ այն խանութները, որտեղից ընտանիքը կարող է օգտվել հարմար գներով", - պատմել է Լուսինեն Gisher.news.am-ին:

Ծրագրի տևողությունը 3 ամիս է, սակայն կազմակերպիչներն ու կամավորները վստահ են, որ բարեկամությունը կունենա տարիների պատմություն: Նախատեսվում է ընդլայնել համագործակցության շրջանակները, կազմակերպության կամավորներին կմիանան նաև շարքային քաղաքացիները:

Հեղինակ՝ Աիդա Ավետիսյան