22-02-2014 13:29

Եվրոպայի դռենը սիրիահայերի համար փակ են, նրանք ստիպված են մնալ Հայաստանում

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նաիրա Եդիգարյանը տեղեկացրեց, որ սիրիահայերի համար Հայաստանի Աշտարակ քաղաքում կառուցվող «Հալեպ» թաղամասում բնակարան գնելու համար դիմում ներկայացրել է 660 մարդ, սակայն նրանցից եւ ոչ մեկը ներդրում չի կատարել: Ըստ նրա, որքան էլ որ սիրիահայերը ցանկանում են մնալ իրենց հայրենիքում, բայց նրանք դեռ հստակ չեն որոշել` մնալ, թե գնալ: Դա է պատճառը, որ ոչ մեկը դեռ ներդրում չի կատարել: ՛՛Համոզված եմ, որ շուտով դիմում ներկայացրածների 70%-ը ներդրում կանի, երբ կսկսվի կառուցումը՛՛,- նշեց իրավաբանը:
Կառուցվող բնակարանների համար փորձ է արվում հանգանակություն հավաքել միջազգային կառույցներից: Բանախոսը հավելեց, որ կառուցումը կախված է երեք բանից. Հող, որը նվիրել է կառավարությունը, ներքին կառուցվածք, որի համար դիմել ենք միջազգային կառույցներին եւ արդեն ներդրումներ կան, եւ շենքի կառուցվածք: Այս ամենն արվում է, որպեսզի բնակարանները վաճառվեն շուկայականից էժան գներով:
Ասուլիսին մասնակից, սիրիահայ Անդրանիկ Վարդանեանը նշեց, որ սիրիահայերի մեկ երրորդը դուրս է գնացել դեպի Եվրոպա, սակայն Եվրոպայի դռներն արդեն իրենց առջև փակված են, ուզեն էլ, չեն կարող գնալ: ՛՛Ստիպված մնալու ենք՛՛,-նշեց սիրիահայը:

Ըստ Նաիրա Ռդիգարյանի իրենք հասել են նրան, որ սիրիահայերը հիվանդանոցներում անվճար բուժօգնություն են ստանում, երիտասարդները սովորում են համալսարաններում: Բաց է մնում միայն աշխատանքի խնդիրը:

Իսկ ահա սիրիահայի կարծիքով ՀՀ-ում աշխատանք կա, իհարկե լավ մասնագետի համար:
՛՛Ես երեք ամիս մատուցող եմ աշխատել ու ինձ նման շատ ու շատ սիրիահայեր, հետո արդեն աշխատանք են առաջարկել: Ես չեմ փնտրել, ինձ զանգել ու առաջարկել են՛՛,- ասաց Անդրանիկը:

Այնուամենայնիվ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչները համոզված են, որ սիրիահայերը Հայաստանում ունեն նույն խնդիրները, ինչ որ հայաստանցիները: