Բավ է պառակտվել
14-11-2017 14:54

Օլիգարխների և պաշտոնյաների որդիները կծառայեն բանակում. Շարմազանով

Իշխանությունները պատրաստ են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որպեսզի պաշտոնյաների և օլիգարխների որդիները ծառայեն բանակում: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Աղմուկ բարձրացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի համաձայն նախատեսվում է սահմանափակել տարկետման իրավունքը՝ բուհերում պետպատվերով սովորող ուսանողների համար։ Հոկտեմբերի 27–ին Հայաստանի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց այն։ Օրինագիծը հասարակական դժգոհության բուռն ալիքի պատճառ է դարձել, և « Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները բողոքի ակցիաներ են կազմակերպել և դասադուլ արել:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արտոնյալներ չլինեն: Բանակում չծառայելը և բանակից խուսափելը տարբեր բաներ են։ Եկեք չնույնացնենք դրանք, ընդդիմության ներկայացուցիչների մեջ էլ կան մարդիկ, ովքեր օրենքով ազատվել են ծառայությունից»,- ասել է Շարմազանովը։
Նրա խոսքերով բանակից խուսափելն այն է, երբ պաշտոնյան իր որդուն արտասահման է փախցնում, հայտարարելով, որ վերջինս սրտի արատ ունի:
Նոր օրինագծի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտրամադրվի միայն այն ուսանողներին, ովքեր պաշտպանության նախարարության հետ կկնքեն քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ բակալավրի, կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրված կրթական ծրագրով սովորող քաղաքացու ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Ընդ որում, ծառայության ժամկետն այս պարագայում կլինի երեք տարի՝ ի տարբերություն սովորական երկուսի: