15-08-2016 09:59

Օդերևութաբաններն անձրևներ են կանխատեսում Հայաստանի մի շարք շրջաններում

Կարճատև անձրևներ և ամպրոպներ են սպասվում օգոստոսի 15–ից 17–ը ցերեկվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Հանրապետության տարածքում Իրաքից ներթափանցած արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությունը կպահպանվի նաև երկուշաբթի, ինչի արդյունքում կպահպանվի օդի բարձր ջերմային ֆոնը:

Սակայն, օգոստոսի 15-ից սկսած օդերևութաբանական իրավիճակը Հայաստանում կփոխվի, երկիր կներթափանցեն սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Միաժամանակ, օգոստոսի 18-19–ին հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավային` 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մետր վայրկյան։

Երևանում առաջիկա երեք օրերին սնդիկի սյունը կմնա 34-35 աստիճան տաքության մակարդակում, իսկ ուրբաթ օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան։